ԲԱՎ Է, ԼԵՎՈ՛Ն, ՕՏԱՐՆԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵՍ

08-09.12.2009

ՀԱԿ-ի գործունեությունն էլ դհոլների պարահանդեսի վերածես

Դեկտեմբերի 1-2-ին Աթենքում տեղի ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստը

Հայտնի է, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Դրա առանցքային դրույթներն են. «Նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:

Այս հայտարարությանը հաջորդեց ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նախարարական խորհրդի 56 երկրների կողմից նույնաբովանդակ պաշտոնական փաստաթղթի ընդունումը:

Հիշատակված նյութերի հրապարակումից երկու-երեք օր անց Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խնդրո առարկայի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ, որում ՀՀ իշխանություններին ներկայացվում է ծանրագույն մեղադրանք` ազգային շահերի դավաճանություն:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, գրված է. «Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ավելին` երբ ուշադիր ընթերցում ես այդ հայտարարությունը, ակամայից գալիս ես այն եզրակացության, որ ՀԱԿ-ը, ասես թե, ստանձնում է Ալիև-Մամեդյարով զույգի և նրանց շահերը պաշտպանողների խորհրդատու-դատապաշտպանի դերակատարությունը: Լևոնականները ինչպես թուրք-ադրբեջանական կողմին, այնպես էլ միջազգային հանրությանը, ըստ էության, հրապարակավ հայտնում են, թե ինչպես են իրենք ընկալում Աթենքում ստորագրված փաստաթուղթն ամբողջությամբ և, մասնավորապես, այնտեղ ամրագրված հայկական կողմի համար բախտորոշ և դրական հեռանկարներ բացող ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման մասին դրույթը:

Ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի աղավաղումով են մեկնաբանում նրանք այդ առանցքային ձևակերպումը. «Տվյալ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որևէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի կողմից արձանագրված նահանջը: Տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի Լեռնային Ղարաբաղի համար, այն, միևնույն է, իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու: Այսպիսով Հայաստանը համաձայնել է Ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` երբևէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որևէ հեռանկար»:

 

Հարց է ծագում` ո՞րն է Աթենքում ընդունված փաստաթղթի ոգուց ամենևին էլ չբխող դավաճանական նման մեկնաբանությունների դրդապատճառը, բուն նպատակը: Նման հայտարարություն անելով, ՀԱԿ-ի առաջնորդներն ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել, երբ գիտակցաբար աշխատում են զրոյացնել ԵԱՀԿ-ի կողմից ընդունված փաստաթղթում «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման» մասին արձանագրված հիմնադրույթը, որը մեր դիվանագիտության առջև բացում է բարենպաստ հնարավորություններ:

Որպեսզի ՀԱԿ-ի հասցեին իմ տված գնահատականները չլինեն մերկապարանոց և ոչ հիմնավոր, փոքր-ինչ անդրադարձ կատարենք Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, դրանց հիման վրա ընդունված հիմնարար փաստաթղթերից մի քանիսին:

Լևոնականներին հիշեցնենք, որ Միջազգային իրավունքում ազգերի ինքնորոշման իրավունքը ազգերի և ժողովուրդների անպայմանական պահանջն (իմպերատիվ) ու հիմնադրական սկզբունքներից է, որն ամրագրված է «Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայում» (Венская конвенция о праве международных договоров от 23 мая 1969г.): Այդ Կոնվենցիայի հոդված 53-ի (jus cogens) համաձայն` Միջազգային իրավունքի վերը նշված նորմը` «Պայմանագիրը ճանաչվում է անվավեր, եթե դրա կնքման պահին այն հակասում է ընդհանուր Միջազգային իրավունքի անպայմանական պահանջին (իմպերատիվ) նորմին... դրանից շեղումը անթույլատրելի է և դա կարող է փոփոխության ենթարկվել ընդհանուր Միջազգային իրավունքի միայն դրան հաջորդող նորմով, որը կրում է նման բնույթ»:

Այստեղ հարկ է նշել, որ Միջազգային իրավունքի հիմնադրական նորմերի առաջնային լինելը ներպետական ազգային իրավունքի նկատմամբ պետությունների կողմից համընդհանուր ճանաչում է գտել: Այս հարցը առանձնահատուկ ենք նշում, որովհետև իր բովանդակային իմաստով չեզոքացնում է ադրբեջանական կողմից իրենց սահմանադրության վրա հղումներ անելու փորձերը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա զբաղեցրած տարածքի կապակցությամբ:

Որոշ պարզաբանումներ տանք տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ: Այդ սկզբունքի կիրառումն ուղղված է պետության արտաքին ռազմական նվաճողական գործողությունից (ագրեսիայից) պաշտպանությանը: Ճիշտ այս դրույթից է բխում այդ սկզբունքի ձևակերպումը` 1970 թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXVI նստաշրջանում ընդունված «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին Դեկլարացիայի» համապատասխան հոդվածների ձևակերպումը: Դեկլարացիայի առաջին իսկ հոդվածում «հանդիսավոր հռչակվում են հետևյալ սկզբունքները. սկզբունք, համաձայն որի յուրաքանչյուր պետություն իր միջազգային հարաբերություններում պարտավոր է ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքի կամ դրա գործադրումից ամեն մի պետության ինչպես տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված, ինչպես նաև որևէ այլ կերպ` ինչն անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների հետ...»:

Այդ նույն հոդվածում նշվում է նաև. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ բռնի որևէ գործողություններ իրականացնելուց, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից, ինչի մասին ասվում է իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի շարադրման մեջ»:

Ավելին, 1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանը լուծարեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը` դրանով իսկ խախտեց ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 1-ի պարագրաֆ 2-ը, որը ճանաչում է «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման» հիմնարար սկզբունքները: Ասվածին ավելացնենք նաև այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն 1970 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին Դեկլարացիայում» նշված է նաև, որ տարածքային ամբողջականության իրավունքը առավելություն ունի ինքնորոշման իրավունքի նկատմամբ միայն այնքան ժամանակ, որքան պետությունը ունի «կառավարություն, որը ներկայացնում է ամբողջ ժողովրդին` տվյալ տարածքին պատկանող ազգաբնակչությանը` առանց ռասայական, կրոնական և մաշկի գույնի խտրականության»:

Այս ամենը հաշվի առնելով, կարող ենք պնդել, որ ՀԱԿ-ի առանձին պարագլուխների հայտարարությունը և ոչ մի առնչություն չունի Աթենքում ընդունված Լեռնային Ղարաբաղին վերաբերող փաստաթղթերի հետ և փաստորեն ծառայում է օտարի շահերի պաշտպանությանը:

Հռետորական հարցով հիմա ուզում եմ դիմել մեր ժողովրդին. այսքանից հետո ո՞վ է իր «գոյության ամեն օրը Հայաստանին ներքաշում հայ ժողովրդի շահերից չբխող միջազգային պարտավորությունների տակ»: Ասվածից հետո ո՞ւմ «օր առաջ հեռացումը դառնում է առավել հրատապ»: Կարծում եմ, արդեն իսկ բոլորին հասկանալի պետք է դառնա, թե որքանով ՀԱԿ-ը «ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում և խուսափելու նորանոր կորուստներից»:

Ուշագրավն այն է, որ ՀԱԿ-ի կողմից իրականացվող վտանգավոր այս զարգացումների մասին «Ազգային Միաբանություն» կուսակցությունը բազմիցս զգուշացրել է երկու տարի շարունակ` դրանից խուսափելու միակ տարբերակ համարելով` ՀԱԿ-ի քաղաքական իրական նպատակների բացահայտումը և դրանց դավաճանական ուղղվածության մերկացումը:

Աթենքում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների նախարարական խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը իրավամբ քաղաքական նոր հեռանկար է բացում նաև Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների գործառույթներում: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի երեք սկզբունքների վերլուծությունից (խոսքն ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի մասին է, որ ներառված են նաև Աթենքում ընդունված հայտարարության մեջ) բխում է, որ ԼՂՀ-ի ժողովուրդը ազատ ինքնորոշման իր իրավունքից օգտվել է` հենվելով բացառապես Միջազգային իրավունքի նորմերի և ԽՍՀՄ օրենքների վրա: Այս իրողությունը արդեն իսկ անժխտելի ու անհերքելի պատմական փաստ է: Եվ առնվազն անընդունելի ու, մեղմ ասած, տարօրինակ են դեռ մինչ օրս ընդդիմադիր առանձին ուժերի կողմից հիշատակվող տագնապները «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս կազմելու» վերաբերյալ:

Վտանգավորն այս պարագայում այն է, որ դրանք հնչեցնող ՀԱԿ-ը ինքնահռչակվել է որպես Հայաստանի միակ ընդդիմադիր ուժ, որը իբր վայելում է մեր ժողովրդի մեծամասնության համակրանքը: Ու այդ միֆը ամեն կերպ իր քաջալերումն է գտնում Հայաստան ժամանած օտարերկրյա ամենատարբեր տրամաչափի գործիչների կողմից: ՀՀՇ-ական մամուլը դա մեր հանրությանը ներկայացնում է որպես ՀՀ-ում այլընտրանքային իշխանությունների առկայությունը հաստատող փաստ:

Դրան զուգահեռ, գնալով ավելի կատաղի են դառնում վերջիններիս հարձակումները Սարգսյան-Նալբանդյան տանդեմի նկատմամբ: Հարձակումներ, որոնք համարժեք և հիմնավոր պատասխանի, ցավոք, չեն արժանանում գոնե քաղաքական այն ուժերի կողմից, որոնք պաշտոնապես հայտարարել են ՀՀ նախագահին սատարելու մասին: Արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է մտահոգիչ իրավիճակ, երբ մի կողմից հայ մարդու գիտակցության մեջ «մեխում» են իշխանությունների կողմից Ղարաբաղը ծախելու գաղափարը, իսկ մյուս կողմից, շատ լավ գիտակցելով, որ նման բան իրականում չկա, ՀԱԿ-ը իշխանություններին դավաճանական գործողություններ կատարելու համար մեղադրելով, իր կողմից ընդունած հայտարարությամբ հանդերձ խուսափում է իբր իր տրամադրության տակ եղած մի քանի տասնյակ հազարների հասնող համակիրներին փողոց դուրս բերելու և ընդվզելու գործառույթից:

Սա ինչո՞վ բացատրել, օտարներից համապատասխան հրահանգի բացակայության փաստո՞վ...

Պարզ տրամաբանությունը հուշում է հետևյալ հարցը. եթե լևոնականները իսկապես հավատում են դեկտեմբերի 4-ին իրենց տարածած հայտարարությանը, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն ժողովրդին ոտքի հանում:

Այս հարցի պատասխանը վերջերս իր ձանձրացնող հարցազրույցներից մեկում տվեց ՀԱԿ-ը համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա պարզապես հայտարարել էր, որ այն, ինչ իրականացնում է Սերժ Սարգսյանը, գերտերությունների սրտով է, ուստի վերջիններս այս փուլում չեն սատարի ՀԱԿ-ի պայքարը, աչք կփակեն իշխանությունների կողմից ընդդիմության գործողությունները ճնշելու նպատակով ձեռնարկած քայլերի վրա:

Ահա այստեղ է, որ կրկին պատռվում է ՀԱԿ-ի առանձին (սակայն, ցավոք, հիմնական դերակատարություն ունեցող) պարագլուխների դիմակը: Բա եթե հայրենիքդ «ծախում են», ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես ընդվզում, մի՞թե հայրենիքիդ պաշտպանությանը կանգնելու համար Եռաբլուրում հանգչող ազատամարտիկները հաշվի էին նստելու գերտերությունների կարծիքի հետ: Լևոն, ի՞նչու ես դավաճանում նույն Սասուն Միքայելյանին և, քեզ միամտաբար հավատացող, շատ ու շատ ուրիշ ազատամարտիկներին:

Ես համոզված եմ, որ, Աստված մի արասցե, եթե հիմա էլ հայրենիքին արտաքին վտանգ սպառնա, նրանք առանց վայրկյան իսկ հապաղելու, օտարի հրահանգներին չսպասելով, կհամախմբվեն Գլխավոր գերագույն հրամանատարի շուրջ: Իսկ եթե դու գիտես, որ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ ամեն տող, բացառությամբ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիշատակումից, բացահայտ սուտ է, ապա ինչո՞ւ ես պղտորում հայ մարդկանց սրտերը: Ինչո՞ւ ես թուրք-ազերիներին մեսիջ ուղարկում առ այն, թե, տեսեք, մենք հայտարարել ենք, որ Աթենքի սկզբունքներից բխում է, որ բացառվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` երբևէ միջազգայնորեն ճանաչման անկախ երկիր դառնալու որևէ հեռանկար» և որ ժողովուրդը հաշտվում է այդ մտքի հետ, չի ըմբոստանում: Ի՞նչ է, ուզում ես ասել, որ մեր ժողովրդի հավաքական կամքը թուլացե՞լ է:

Իսկ իշխանական կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի լռությունն էլ անուղղակի ուզում ես բացատրել նրանց շարքերում գերիշխող, իբր, պարտվողական տրամադրություններո՞վ: Բա եղա՞վ, Լևոն: Բա քեզ սազո՞ւմ է, լինելով Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահը, օտարների ձեռքում ստանձնել ես դատարկ դհոլի դերակատարություն: Ուշքի եկ, Լևո՛ն, և քո հրահանգները կատարող ամենատարբեր տրամաչափի դհոլիկների գյամերը քաշի:

Հասկանում ես, չէ՞, թե ում մասին է խոսքը` ստաժավոր զրպարտիչ և խոստումնալից սադրիչ նիկոլիկների, հարբեցող, հետն էլ տակը միզող խմբագրուհու, հայոց բանակից խույս տվող, օտարի փողերով թերթ հրատարակող, արամիկամատունի կեղծանվան տակ հանդես եկող վանոսիրադեղյանական քարթու... մոլագարի համբավ ունեցողի:

Եթե իմ ելույթներում ու հոդվածներում առկա հիմնավորումները խոցելի են, ապա պատրաստ եմ լսել հիմնավոր քննադատություն, չէ՞ որ դա կօգնի ոչ միայն ինձ, այլև ՀՀ իշխանություններին, մասնավորապես, մեր երկրի արտաքին գերատեսչությանը, որոնք այս բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնել են մեծագույն պատասխանատվություն` նորմալացնել հայ-թուրքական հարաբերությունները, նպաստել հայ-թուրքական (Արևմտյան Հայաստանի) սահմանի բացմանը, խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Եթե լրագրողական քո գզիրները շարունակեն իրենց տխմար գործելակերպը, որն ի հայտ է բերում նրանց տականք լինելու աստիճանը, բացահայտում գծուծ ատելությունը ցանկացած ճշմարիտ խոսք ասողի նկատմամբ, ապա դրանից, ի վերջո, տուժելու ես միայն դու` Լևոն Տեր-Պետրոսյանդ, և իր գործունեությամբ դատարկ դհոլների պարահանդեսի վերածված ՀԱԿ-ը:

Վերստին անդրադառնալով Աթենքյան հայտարարությանը` նշենք, որ դրա գործադրումն անվերապահորեն նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Հակառակ դեպքում առաջին իսկ օրվանից կխեղաթյուրվի ԵԱՀԿ արտգործնախարարների նախարարական խորհրդի ընդունած հայտարարության ոգին: Կարծում եմ, միջազգային հանրության համար հասկանալի չի լինի, թե ինչպե՞ս կարելի է խոսել ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի կիրառման մասին, երբ Արցախի ժողովրդի շահերի հիմնական ներկայացնողը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այսուհետ էլ շարունակի օտարված մնալ իր ժողովրդի ճակատագրի, ինքնորոշման շուրջ ընթացող բանակցություններից: Համոզված եմ, որ այս մասին խորհել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ ընթացող բանակցություններին, ապա դրանց մասնակիցները պետք է լինեն երեք պետություններ` Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա է բխում Աթենքում ընդունված հայտարարությունների ոգուց: Ըստ որում, Ղարաբաղը և Ադրբեջանը պետք է բանակցեն Արցախի ինքնապաշտպանության բանակի կողմից ազատագրված տարածքների կարգավիճակի շուրջ, տարածքներ, որոնք բացառապես սահմանային են այդ երկու երկրների համար: Իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ բանակցությունները պետք է վարվեն երեք պետությունների համար ընդհանուր սահմաններ ունեցող տարածքների հետագա պատկանելության և անշուշտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու նրա անվտանգության հաստատուն երաշխիքների ապահովության շուրջ:

Այս ենթատեքստում կցանկանայի մեկ հարցի մասին էլ խոսել: Օրեր առաջ` նոյեմբերի 28-ին, ողջույնի խոսք ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարի ամբիոնից, ասել էի. «Ես այսօր շատ և շատ կցանկանայի այս դահլիճում տեսնել Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ես շատ կցանկանայի այս ամբիոնից տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի մենք համայն աշխարհի առաջ հանդես գայինք որպես միասնական մի ուժ»:

ՀՀՇ-ական մամուլը, ինչպեսև սպասվում էր, կրկին ընկնավորվեց. նախ, որ հրավիրվել էի համագումարին, դա էլ բավական չէ, ինձ ողջույնի խոսքի հնարավորություն էր տրվել, էլ չասենք, որ խոսքումս էլ իրենց կուռքին էի մեջտեղ հանել: Բայց երեք նախագահների մասին ակնարկը ամենևին պատահական չէր, դրա հետևում լուրջ իմաստ էր թաքնված:

Այսպես, 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մի քանի ժամ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը ուղերձ էր հղել, որտեղ հստակորեն ասված էր. «1. Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի առաջադեմ ողջ մարդկության կողմից: Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, 2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում, 3. Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ինքնուրույն գործընթաց է: Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում, 4. Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա...»:

Լավատես լինելով, խորհում էի, որ ահա սա է այն հենքը, որի շուրջ անշուշտ պետք է, որ միանային Երրորդ Հանրապետության բոլոր նախագահները, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերը, հատկապես մեր ավանդական կուսակցությունները: Հիմա էլ եմ համոզված, որ երկրիս համար ամենակարևոր այս հարցերի կենսագործման ճանապարհին հայրենասեր բոլոր ուժերը պարտավոր են սատարել հանրապետության նախագահին: Իսկ նման կոչով հանդես գալու համար, համապատասխան հայտարարություն ընդունելու ամենալավ հրապարակը թերևս Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարի ամբիոնն էր: Եվ դա, կրկնում եմ, իմ խորին համոզմունքն է, հակառակ եզրահանգման մեջ ինձ ոչ ոք չի կարող համոզել: Ահա սա նկատի ունենալով էլ` իմ ողջույնի խոսքում տարակուսանք հայտնեցի:

Ելույթիս «դառնությունն» էլ պայմանավորված էր նրանով, որ ներկայիս ճակատագրական ժամանակաշրջանում ՀՀԿ 12-րդ համագումարում կարող էր հիմք դրվել Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերները միասնական ճակատով դիմագրավելու գործը: Ավա՜ղ, այդ բացառիկ հնարավորությունը չօգտագործվեց:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ազգի միաբանությանն ուղղված իմ ջանքերը առիթ դարձան, որ օտար ուժերի կողմից սնվող, լևոնականություն քարոզող դատարկ դհոլները հակագեղամյանական պարահանդեսի դուրս գան: Դե ինչ, զուր են ձեր ջանքերը, պարոնայք լևոնականներ: Բավական է պետությանը վնասելով, ժողովրդին ապակողմնորոշելու փորձեր անելով իշխանության գալու ուղիներ փնտրեք:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Ինձ հաճելիորեն զարմացրեց հհշական թերթերից մեկում վաղուց սպասված, սակայն միայն երեկ Լուսինե Բարսեղյանի ստորագրությամբ լույս տեսած հոդվածը: Թերևս դա եզակի այն դեպքերից է, երբ հոդվածագիրը ընթերցողին հուշում է խորհել քաղաքական և պետական կայացած գործիչների` արդի ժամանակաշրջանում ծավալած գործունեության մասին: Գործունեություն, որի գլխավոր նպատակը հայոց պետականության ամրապնդումն է:

Ուշադիր ընթերցելով Լուսինեի հոդվածը և քաջատեղյակ լինելով «Ազգային Միաբանություն կուսակցության» ներկայիս քաղաքականությանը` յուրաքանչյուր մտածող մարդ կանի եզակի ճշմարիտ հետևություն. ինչքան պետք է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը և «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Ա.Գեղամյանը սիրեն ու նվիրված լինեն Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի մի կողմ դնեն անցյալում միմյանց հասցեին արված սուր քննադատական, երբեմն էլ ոչ բարեհունչ խոսքերը և համագործակցեն հանուն Հայաստանի Հանրապետության: Հիրավի, կարծում եմ, վիճարկելի չէ նշված իրողությունը, երբ հայրենիքի համար պատասխանատվություն ստանձնած ցանկացած քաղաքացի (էլ չասենք պետական և քաղաքական գործիչ) մտածում է լևոնականներին ոչ հասու բարոյահոգեբանական հարթության վրա:

Հոդվածն ընթերցելիս ինձ ուրախացրեց նաև այն, որ 2007թ. սեպտեմբերի 21-ից մինչ օրս ի սատարումն Սերժ Սարգսյանի «Ազգային Միաբանություն կուսակցության» որդեգրած քաղաքականությունը քուն ու դադար, հանգիստ չի տալիս լևոնականներին: Դա չի կարող չգոհացնել թե՛ ինձ, թե՛ մեր կուսակցության անդամներին, քանի որ անցած տարիներին բոլորիս մեջ ձևավորվել է խոր համոզմունք` Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա մերձավորագույն շրջապատն այլևս անթաքույց ծառայում են օտարի շահին, և նրանք այսօր վտանգ են ներկայացնում հայոց պետականությանը: Գիտակցումը, որ դա բացահայտելը և մեր հանրությանն այդ իրողությունը ներկայացնելը ուժգին հարված է հասցրել ԼՏՊ-ին, չի կարող չգոհացնել:

Ցավոք, հոդվածը զերծ չէր առանձին խորամանկություններ օգտագործելու գայթակղությունից, ինչն ինքնին հասկանալի է, բայց ոչ խրախուսելի: Կարծում եմ, հոդվածագիրը (կամ նրա խորհրդատուները), շոշափելով բավական հետաքրքիր թեմա, որտեղ ուրվագծվում է պետական ու քաղաքական գործիչների վերջին տարիների անցած ճանապարհը դեպի երկրի լուսավոր ապագա, պետք չէր, որ այդ նույն հոդվածում զբաղվեին ինքնագովազդով: Սակայն դա այլ խոսակցության թեմա է:

Լևո՛ն, հավաքիր քեզ, վերջացրու չարաճճիություններդ, դա հարիր չէ Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին նախագահին:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Последние видеоматериалы

Новые книги