ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՐԿՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ:

ԴԱՍԸՆԹԱՑ ՌՈՄԱՆՏԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՐՍ Հ2 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ ԽՈՍԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

Երկիրը թևակոխել է ճգնաժամի արդեն իսկ նոր փուլ, և դեռ տնտեսության անկման հատակին չենք հասել, որ նախանշենք դրանից դուրս գալու քայլը: Եվ այսօր ամենակարևորն այն է, որ իշխանությունները պետք է մանրակրկիտ վերլուծեն ու հստակ ձևակերպեն, թե որո՞նք են հայաստանյան ճգնաժամի յուրահատկությունները և ինչո՞վ են դրանք պայմանավորված: Գործընթաց, որը, ավաղ, հապաղում են կատարել:

Ի դեպ, նկատենք, որ հանրապետության էկոնոմիկան առանց այդ էլ կուտակել էր ճգնաժամային «ներուժ»: Դրա հետ մեկտեղ հարկ է հաշվի առնել նաև այն, որ համաշխարհային գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, ինչ խոսք, իր բացասական հետևանքները թողեց մեր էկոնոմիկայի վրա: Նշենք, որ 2008 թ. ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալի աճի տեմպը 2007 թ. նկատմամբ կազմել է ընդամենը 107,1%, իսկ շինարարությունում հիմնական միջոցների գործարկման ծավալը 2007թ. նկատմամբ կազմել է ընդամենը 81,9%, շեշտակի անկում է արձանագրվել քիմիական արդյունաբերությունում, որտեղ 2008 թ. արտադրության ծավալները կազմել են 2007թ. արտադրության ծավալների 85,2 տոկոսը, մետաղագործական արդյունաբերությունում` 90,4%, մեքենաների և սարքավորումների արտադրությունում՝ 82,4%: Աճի տեմպի զգալի անկում է արձանագրվել նաև գյուղատնտեսության մեջ: 2008 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճի տեմպը 2007 թ. նկատմամբ կազմել է ընդամենը 101,3%:

Հիշեցնեմ, որ անցած 5 տարիների ընթացքում շինարարության և գյուղատնտեսության բարձր, անգամ իսկ մինչև 35-40 տոկոսի հասնող, աճի տեմպերով էին մեծապես պայմանավորված Հայաստանի ՀՆԱ-ի երկանիշ աճի տեմպերը: Կարծում եմ, այս թվերը ավելի քան խոսուն են և անլրջության ոլորտ են մղվում Հայաստանը փոթորիկներից հեռու, հանգիստ նավահանգիստ, պաշտպանված կղզյակ ներկայացնող կառավարական և կենտրոնաբանկային ռոմանտիկ պաշտոնյաների կողմից:

Այնուամենայնիվ, որո՞նք էին հայաստանյան ճգնաժամի նման դրսևորման պատճառները: Ահա այդ հարցին պատասխանելու համար հակիրճ վերլուծություն կատարենք: Ըստ որում, հայտնած բոլոր թվերը բերված են միայն և միայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական զեկույցներից:

Եվ, այսպես, 2003-2008 թթ. Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքն աճել է 2,25 անգամ. հիանալի թիվ է: Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,8 անգամ: Մատուցվող ծառայությունների ծավալն աճել է 3,38 անգամ: Դրա հետ մեկտեղ իրական տնօրինած եկամուտներն աճել են 1,8 անգամ, շեշտակի աճել են ներմուծվող ապրանքների ծավալները` 3,47 անգամ:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ անցած 5 տարիների ընթացքում արձանագրվել է սպառողական ներքին պահանջարկի բարձր մակարդակ, որը գերազանցել է ՀՆԱ-ի աճի տեմպը: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետության արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, մատուցվող ծառայությունները չեն հասցրել բավարարել աճող սպառողական ներքին պահանջարկը: Դա իր հետեւից բերել է ներմուծման ծավալների շեշտակի բարձրացում: Անցած 6 տարիների ընթացքում, ինչպես արդեն ասացի, 3,47-ով աճել են ներմուծման ծավալները:

Ինչպե՞ս է ստացվել, որ մեզանում համախառն ներքին արդյունքի աճի համեմատ, առաջանցիկ տեմպերով աճել է սպառողական ներքին պահանջարկը: Պատասխանը մեկն է. Հայաստանի Հանրապետությունը, որքան էլ տարօրինակ թվա, արտահանող երկիր է, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և էներգետիկ ռեսուրսներ, այլ հանքանյութեր արտահանող երկրների, մեր երկիրը արտահանել է, թող ներվի ասել, ապրանք, բանվորական աշխատուժ: Այն էլ հարյուր հազարներով մարդիկ են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որոնք իրենց աշխատավարձի որոշակի, եթե չասենք զգալի մասը տրանսֆերտների միջոցով ուղարկել են Հայաստանի Հանրապետություն, որ իրենց հարազատները, բարեկամները կարողանան այստեղ իրենց գոյությունը պահպանել:

Եվ ինչպես ժամանակին, երբ 1959 թ. Հոլանդիայում հայտնաբերվեցին գազի մեծ պաշարներ, որոնց արդյունաբերական շահագործումից 1960-1970-ական թվականներին Հոլանդիա եկած կապիտալի մեծածավալ հոսքից զգալիորեն աճեց բնակչության գնողունակությունը, որն իր հերթին խթանեց սպառողական ներքին պահանջարկի աննախադեպ աճ: Տեղական արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը ի զորու չեղան բավարարել օրըստօրե աճող սպառողական ներքին պահանջարկը: Արտարժույթի մեծաքանակ հոսքը Հոլանդիա ուժեղացրեց այդ երկրի ազգային տարադրամը, ինչն էլ իր հերթին բացասաբար անդրադարձավ տեղական ապրանքների մրցունակության վրա, զարկ տվեց նմանատիպ ապրանքների ներմուծմանը, տեղական արդյունաբերության զարգացման դադարեցմանը: Այդ երևույթը կոչվեց «Հոլանդական հիվանդություն»:

Հիմա, նմանատիպ իրավիճակ էր արձանագրվել նաև Հայաստանում, երբ արտարժույթի զգալի ներհոսք արձանագրվեց, որի հիմնական աղբյուրը հանդիսացավ մեր «արտահանված աշխատուժը» մի կողմից, իսկ դրան նաև գումարվեց ներդրումային որոշակի գումարների մուտքը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկա, ֆինանսական շուկա: Մեծաքանակ դոլարի հեղեղման պարագայում արժևորվեց մեր դրամի փոխարժեքը, քանի որ սպառողական հիմնական ծախսերը մարդիկ պետք է կատարեին դրամով` հոսանքի, ջրի, հացի և այլնի համար: Հայկական դրամի փոխարժեքը արհեստականորեն բարձրացավ, ինչին մեծապես նպաստեց նաև այն, որ մեր Կենտրոնական բանկը, ավաղ, վարում էր դրամավարկային կոշտ քաղաքականություն, այն է` արհեստականորեն սեղմում էր դրամական զանգվածի շրջանառությունն էկոնոմիկայում, մասնավորապես մոնետիզացիայի մակարդակը` դրամական զանգվածի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնելով 15-22 տոկոսի (մինչդեռ, անգամ իսկ զարգացող էկոնոմիկա ունեցող երկրներում մոնետիզացիայի նվազագույն մակարդակը գերազանցում է 30%-ը):

Սա` հարցի զուտ տնտեսագիտական մասով: Իսկ նման քաղաքականությունը ինչի՞ հանգեցրեց. նրան, որ Հայաստանի Հանրապետությունը հեղեղվեց ներմուծվող ապրանքներով և եթե դրամական արտահայտությամբ անցած 6 տարիների ընթացքում 1,25-ով պակասել էր արտահանման ծավալները, ապա ներմուծմանը, ինչպես ասացի, գրեթե 3,5 անգամ ավելացել էր: Այսինքն՝ այն պարագայում, երբ դրսից ներմուծվում էր ապրանք և ներմուծելն ավելի ձեռնտու էր ներմուծողների համար, որովհետեւ դրամի փոխարժեքը արհեստականորեն արժևորված էր, դոլարի կուրսն էլ արհեստականորեն ընկած:

Ճշմարտության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այդ տարիներին դոլարի կուրսը համաշխարհային ֆինանսական շուկայում նույնպես անկում էր արձանագրել, սակայն շատ ավելի պակաս, քան մեզանում: Արդյունքում` կրճատվեց մեր երկրից ապրանքների արտահանումը, կրճատվեցին աշխատատեղերը և անգամ շատ արտադրություններ փակվեցին:

Մասնավորապես, ինձ ցավ պատճառեց, երբ գրեթե փակվեց ադամանդագործությունը որպես այդպիսին: Խոսքս այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք էր գործել այնպիսի հզոր ադամանդագործ, ինչպիսին էր պարոն Լևաևը: Այդ ճյուղը զարգացնելու լուրջ հեռանկարներ կային, սակայն նա ծավալվել էր այն ժամանակ, երբ դրամի փոխարժեքը 560-570 դրամ էր մեկ դոլարի դիմաց: Ասենք, 1 միլիոն դոլար փոխանակելով՝ նա ունենում էր 560-570 միլիոն դրամ և դրանով կարողանում էր փակել բանվորների աշխատավարձը: Իսկ երբ դոլարի փոխարժեքն իջավ 306-ի, արդեն չէր կարողանա նման պայմաններում իրեն գոհացնող շահույթներ ունենալ, և հասկանալի է, թե նա ինչու ընդամենը ճամպրուկը վերցրեց ու գնաց: Մինչդեռ նշեմ, որ ադամանդագործությունը Հայաստանի Հանրապետության վիճակում հայտնված երկրի համար գտած էր: Գտած էր, որովհետև հումքը մեկ ճամպրուկով կարող ես ներկրել:

Այժմ մենք ականատեսն ենք, որ կրճատվում են դրսից երկիր եկող տրանսֆերտները, սեղմվում են արտահանման ծավալները (մասնավորապես, 2008 թ. արտահանման ծավալները կազմեցին 2007 թ. 92,8%-ը), որոնք էլ հանգեցրին ֆինանսական լուրջ ճգնաժամի: Դրա արտահայտությունը տեսնում ենք հետևյալ ցուցանիշների համադրման մեջ:

2007 թ. 2006 թ. համեմատությամբ ՀՀ Կենտրոնական բանկի միջազգային պահուստներն աճել էին 55%-ով, այն է` 587 միլիոն դոլարով` հասնելով 1 մլրդ 659,2 մլն դոլարի, սակայն 2007թ. ընթացքում պահուստները պակասեցին ավելի քան 250 մլն դոլարով: Եվ ավելին, արդեն իսկ 2009 թ. հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում մեր միջազգային արտարժութային պահուստները կրկին կրճատվեցին ավելի քան 69 մլն դոլարով: Միայն փետրվարի 2-ին և 3-ին բորսայում իրականացված գործարքների ժամանակ Կենտրոնական բանկի կողմից վաճառվել էր համապատասխանաբար 16,479 միլիոն դոլար և 10,8 մլն ԱՄՆ դոլար: Հետաքրքրականն այն է, որ վաճառքի գինը նշված ժամանակահատվածում կազմել է 305 դրամ` մեկ դոլարի դիմաց: Այլ կերպ ասած` ֆինանսական շուկայում դրամ-դոլար փոխարժեքի ազատ գնագոյացման մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ինչո՞ւ եմ խորանում այս հարցերի մեջ: Իմ վերջին հեռուստաելույթից հետո, երբ եթերում հնչեց հույժ կարևոր խնդիր` արդիականացնել ներմուծման փոխարինելիության գործը և զարկ տալ տեղական արտադրանքին` խնդիր ունենալով հնարավորինս կրճատել ներմուծումը, կառավարությունը դրան ընթացք տվեց, դա վերցրեց իր զինանոցի մեջ: Հրաշալի և ճիշտ որոշում: Այդ որոշումից հետո, թվում էր, թե պետք է համապատասխան սրբագրման ենթարկվեր վարվող դրամավարկային քաղաքականությունը: Այն է` դոլարային ինտերվենցիաներ կատարելով՝ չշարունակեին պահել դոլար-դրամ փոխարժեքը, որն այսօր էլ կազմելով 305 դրամ 1 դոլարի դիմաց, փաստորեն, խթանում է ոչ թե տեղական արտադրողին, այլ օժանդակում ներմուծողին: Կնշանակի` բանավոր խոսքով ասվում և հռչակվում է մի քաղաքականություն, իսկ գործնականում վարվում է հակառակ արդյունքների հանգեցնող քաղաքականություն:

Ինչո՞ւ եմ այս հարցերի վրա շեշտադրում կատարում, որովհետև սրանք հղի են լուրջ, վտանգավոր հետևանքներով: Իսկ դա պայմանավորված է հետևյալով. եթե 2006 թ. մեր միջազգային արտարժութային պահուստներով հնարավոր էր ապահովել 9 ամսվա ՀՀ ներմուծման ծավալները, ապա 2007 թ. այդ թիվը հասավ 6 ամսվա, իսկ 2008 թ.` 3 ամիս 24 օրվա:

Ինչի՞ եմ սա կարևորում, որովհետև, ավաղ, Հայաստանի Հանրապետությունում ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսը բաժին է ընկնում ներմուծմանը: Իսկ հաշվի առնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դա չափազանց մտահոգիչ է: Եթե հիշում եք, 2008 թ. օգոստոսի 7-ին սկսած հնգօրյա վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ, երբ պայթեցվեց երկաթուղային կամուրջը, 15 օր ապրանքաշրջանառությունն այդ գծով դադարեց, իսկ այդ գծով տեղափոխվում էր Հայաստան եկող ապրանքների 70-ից ավելի տոկոսը և մեր էկոնոմիկան հայտնվեց գրեթե կաթվածահար վիճակում:

Այսինքն` խոցելի լինելով նաև աշխարհաքաղաքական նման պայմաններում և շարունակել ներմուծում խրախուսող դրամավարկային քաղաքականություն, դա հղի է վտանգավոր հետևանքներով:

Ճգնաժամից դուրս գալու արդարացված 2 ճանապարհ կա: Ըստ որում, դա չեն վիճարկում ժամանակակից տնտեսագիտության կորիֆեյները` լինեն Քեյնսի կողմնակիցները, նեոքեյնսիանականության ջատագովները, լինեն մոնետարիստները, թե ռեյգանոմիկայի հետևորդները: Որո՞նք են այդ ուղիները: Կամ պետությունը պետք է իր վարած տնտեսական քաղաքականությամբ ամեն կերպ խրախուսի սպառողական ներքին պահանջարկի աճը, կամ պետք է զարկ տա ներդրումներին:

Հայաստանում, փաստորեն, տնտեսագիտական բոլոր հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ վտանգն այն է, որ մեզանում գնալով սեղմվելու է համախառն ներքին պահանջարկը: Արձանագրենք, որ գործազրկության աճի նշաններն արդեն բացահայտորեն կան, դրանց զուգահեռ դրսից եկող տրանսֆերտները կրճատվում են և, ցավոք, միտում կա դրանց էլ ավելի կրճատման: Այս ամենը հրամայական է դարձնում, որ հարկ է վարվող քաղաքականությամբ ամեն կերպ խրախուսվի սպառողական ներքին պահանջարկի աճը, որ անգամ իսկ այն ապրանքները, որոնք մինչև ճգնաժամի այս նոր փուլ թևակոխելը ներմուծվել էին Հայաստան, գտնեն իրենց սպառումը:

Դրա հետ մեկտեղ զուգահեռ իրականացված ներդրումները մասնակիորեն նույնպես խթանում են ներքին պահանջարկի աճին, քանի որ ներդրումային ծրագրերը իրացնելիս ներգրավվում է հավելյալ բանվորական ուժ: Ներդրումները կնպաստեն նաև հեռահար ժամանակաշրջանում ապրանքների առաջարկի ավելացմանը:

Այս երկու ուղղություններն են, որոնք առանցքային նշանակություն պետք է ունենան: Այնպես որ, կարճաժամկետ ժամանակաշրջանի համար կառավարության բացարձակ առաջնայնություն պետք է հանդիսանան սպառողական ներքին պահանջարկի ավելացմանն ուղղված գործառույթները, որից հետո միայն` ներդրումների խրախուսումը:

Հայաստանի առևտրային բանկերի մասին պետք է ասել հետևյալը:

22 առևտրային բանկերն էլ իրենց ավանդների պաշտպանվածության առումով բավականաչափ ամուր դիրքեր ունեն: Անկողմնակալ վերլուծությունը դա է վկայում: Կա, այսպես կոչված, «Базельский комитет по банковскому надзору», որտեղ 2004 թ. հաստատվեցին նոր համաձայնագրեր բանկային կապիտալի համարժեքության մասին, ուր սահմանաչափեր էին սահմանվել` ռիսկայնության և բանկերի հուսալիության բարձրացման առումով: Ընդունված սահմանաչափերը Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը, ի պատիվ Կենտրոնական բանկի վարած քաղաքականության (այ, տեսեք, դրականն էլ պետք է ասվի), պահանջվածից գրեթե 2 անգամ ավելի մեծ ապահովության պաշար ունեն:

Ինչ վերաբերում է առևտրային բանկերի կողմից վերջին շրջանում դրսի տարբեր աղբյուրներից գումարների ստացմանը, ապա, մասնավորապես, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլը» և մի շարք այլ բանկեր ստացել են կամ ստանալու են արտարժութային վարկավորում: Դրանք, ինչ խոսք, շատ լավ են, բայց, ավաղ, չնչին տոկոսադրույքներով ստացված այդ վարկերը, հետագայում արդեն իսկ մեր ձեռնարկատերերին վարկավորելիս սահմանում են 17-24 տոկոսանոց տոկոսադրույքներով: Իսկ 17-24% վարկավորման տոկոսադրույքի պարագայում երկրում ներդրումային քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ: Լավագույն դեպքում ստացված վարկերը նույնպես կգնան արտաքին առևտրի ոլորտ` ներմուծման վարկավորմանը, որը կրկին ու կրկին բացասաբար կանդրադառնա տեղական արտադրողի վրա:

Տոկոսադրույքը կտրուկ իջեցնելը նույնպես սխալ, պոպուլիստական մոտեցում կլինի: Միայն 2008 թ. սպառողական գների ինդեքսը կազմել է 109%, այսինքն` սղաճը 9%-ի սահմանում է եղել, բնական է, որ տոկոսադրույք սահմանելիս դա էլ պետք է հաշվի առնվի: Սակայն չսահմանվի այնպիսի տոկոսադրույք, որը բանկերին գերշահույթ ապահովելով, միաժամանակ վարկերը անհասանելի դարձնի փոքր և միջին ձեռներեցների համար:

Հարց է ծագում` ինչպե՞ս վարվել: Կա այսպիսի գաղափար` տոկոսադրույքի սուբսիդավորում: Եթե երկիրը, պետությունը կարողանում է լրացուցիչ վարկեր հայթայթել, ապա կարող է այն ճյուղերում, որտեղ ընդունելի տոկոսադրույքի պայմաններում հնարավոր է վարկավորելու ճանապարհով և՛ աշխատատեղ ստեղծել, և՛ բավարարել ներմուծման փոխարինելիության խնդիրը, ապա այդ դեպքում կա հետևյալ լուծումը: Պետությունը առևտրային բանկերի վարկավորման 17-24% տոկոսադրույքի որոշակի մասի սուբսիդավորումը վերցնում է իր վրա և դա ձևակերպում է որպես երկարաժամկետ վարկ` տրված հիշատակած պայմանները բավարարող ձեռներեցներին:

Հակառակ դեպքում, եթե ստիպողաբար իրենց պարտադրենք ցածր տոկոսադրույք, ինչի իրավունքը, իհարկե, չունենք, որովհետև բանկերի մասին օրենսդրությամբ առևտրային բանկերն այս իմաստով պաշտպանված են, ապա այդ պարագայում կա մեկ այլ վտանգ. վարկային նպատակով հայթայթված բոլոր գումարները կգնան ոչ թե տեղական արտադրության խրախուսմանը, այլ կվերածվեն արտարժույթի և կմղվեն ներմուծումների ոլորտ:

Առևտրային բանկերի կողմից սահմանված վարկային բարձր տոկոսադրույքների պայմաններում ստեղծվել է խիստ մտահոգիչ իրավիճակ, երբ բանկային համակարգում զուտ շահույթները վերջին 6 տարիների ընթացքում տատանվել են 19-40%-ի սահմանում, մինչդեռ արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության մնացյալ ոլորտներում և ոչ մի բնագավառ չեք գտնի, որտեղ ապահովվի այդպիսի բարձր շահութաբերություն: Այսինքն` վարվող դրամավարկային քաղաքականությունը չի կորելացվել տնտեսական քաղաքականության հետ և պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել:

Կենտրոնական բանկի երկարամյա ղեկավար հարգարժան Տիգրան Սարգսյանը, առաջնորդվելով միայն և միայն Սահմանադրությամբ, սահմանադրական պահանջներով, թվում է, թե ամեն ինչ արել էր, որ սղաճը զսպի: Սակայն սղաճը զսպվել է հիմնականում ի հաշիվ տեղական արտադրության սեղմման, ի հաշիվ տեղական ձեռնարկատիրության կասեցման: Որպես Կենտրոնական բանկի ղեկավար նա միգուցե իր տեսանկյունից գործել է օրենքի սահմաններում, մինչդեռ ներկայումս վարվող սխալ դրամավարկային քաղաքականության բոլոր բացասական հետևանքները որպես վարչապետ ստիպված է ճաշակել: Եվ սա է մտահոգիչ:

Չկա այնպիսի երկիր, որտեղ թույլ էկոնոմիկայի պայմաններում ունեն ուժեղ արտարժույթ, գնալով ուժեղացող, արժևորվող արտարժույթ: Դա էկոնոմիկա գիտության առումով նոնսենս է, անհնարինություն է, դա հնարավոր բան չէ:

Բացարձակապես խնդիրը չպետք է դրվի, որ դրամի շեշտակի անկում լինի: Պետք է սահմանվի դոլար-դրամ լողացող կուրս: Դա ժամանակին կար, բայց, ավաղ, չէին թողնում, որ լիարժեքորեն, առանց արտարժութային ինտերվենցիաների բնականոն իրականացվի: Պետք է, այո, նպաստել, որ դրամի փոխարժեքի անկումը դոլարի նկատմամբ սահուն բնույթ կրի, ինչպես դա արվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ Կենտրոնական բանկը որոշակի արտարժույթի ծավալ շաբաթական կտրվածքով Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայում (Московская межбанковская валютная биржа) հանում է վաճառքի, որ ապահովվի ռուբլի-դոլար փոխարժեքի նախատեսված սահուն անկումը:

Այս գործում հարկ է լուրջ հաշվարկ կատարել, որի հիմքում պետք է լինեն հետևյալ հարցերի հստակ պատասխանները. ինչպիսի՞ ակնկալիքներ ենք ունենալու ոչ միայն տվյալ ճյուղում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու, արտադրանքի երաշխավորված սպառում ապահովելու տեսակետից, այլև տվյալ ճյուղում ներգրավված աշխատողների և նրանց ընտանիքների սպառողական պահանջարկի ավելացման տեսակետից:

Անշուշտ, կարևոր է հաշվարկել նաև հնարավոր բոլոր բացասական դրսևորումները: Եվ առաջին հայացքից ինչքան էլ տարօրինակ թվա, հիմա դոլար-դրամ իրական փոխարժեքին անցնելն այնքան հիվանդագին չի լինի, որքան կարելի է պատկերացնել: Եթե խնդիր ենք դրել ներմուծման փոխարինելիություն ապահովել, և մենք ճարահատյալ պետք է գնանք դրան, որ զարկ տանք տեղական արտադրությանը, էլ չեմ խոսում արտահանող ճյուղերի զարգացման մասին, ապա պետք է գիտակցենք, որ դրամի առկա բարձր փոխարժեքի պայմաններում դրանց լուծումն ապահովելը անհեռանկար գործ կդառնա: Եվ բնականաբար, փոխարժեքի ազատ գնագոյացման պայմաններում տեղական արտադրանքի գները, սակագները մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների գների հետ:

Ինքնին հասկանալի է, որ եթե ավելի բարձր դրամական հատուցում ես տալիս մեկ դոլարի դիմաց, ուրեմն ներմուծվող ապրանքները դրամական արտահայտությամբ ավելի բարձր սակագին են ունենալու: Եվ նման նոր պայմաններում մեր գյուղացին արդեն 45% վարելահողը անմշակ չի թողնի, որովհետև նա դնում, թուղթը մատիտը ձեռքին հաշվում է, թե հողը մշակելիս ծախսերն ինչպիսին են լինելու, թե արտադրված գյուղմթերքի վաճառքի գներն ինչպիսին են լինելու: Այլապես, եթե ամեն ինչ մնա հնի պես, ապա գյուղացին կրկին ու կրկին համեմատելով իր ապրանքների հնարավոր վաճառքի գինը ներմուծվող ապրանքների վաճառքի գնի հետ, կտեսնի, որ, ռուսի ասած, իր չարչարանքը ոչ այլ ինչ, քան «артель напрасный труд» է: Նա ոչ մի եկամուտ չի ունենա, իսկ եթե եկամուտ չունեցավ, իր չարչարանքն արդեն կափսոսա և կգերադասի մեկնել արտագնա աշխատանքի:

Իսկ առաջարկվող քաղաքականության արդյունքում, կրկնում եմ, երբ նա հաշվարկի ու տեսնի, որ եկամուտ ունի, բնականաբար, կմշակի իր հողերը: Անվիճելի է, որ տեղական շուկան, ինչքան էլ տարօրինակ հնչի, գյուղմթերքների իրացման համար հսկայական ռեզերվներ ունի: Այսպես, ցորենի գրեթե կեսը, նայած տարի, նայած բերքատվության, հանրապետություն է ներմուծվում, զգալի չափով ներմուծվում է նաև հավի, տավարի, խոզի միսը, էլ չեմ խոսում ամենատարբեր ձեթերի, կարագի, շաքարավազի, անգամ իսկ ծխախոտի մասին: Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունում ինչ քանակով տուփ ծխախոտ է արտադրվում, գրեթե նույնքան էլ ներմուծվում է: Ներմուծման փոխարինելիության համար շոշափելի հնարավորություննե՞ր են այստեղ, անշուշտ, այո: Առավել ևս ծխախոտագործության բնագավառում շնորհաշատ ձեռներեց ունենք, է¯, հնարավորություն տվեք, վարկավորեք, միջոցներ հատկացրեք, որ Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի այն բոլոր տարածքները, որոնք ժամանակին, դեռ Խորհրդային Միության օրոք, դրված էին ծխախոտագործության տակ, թող վերականգնեն: Այդպիսով` կկարողանանք գյուղատնտեսության և վերամշակման ոլորտներում մեծ թվով մարդկանց ներգրավել հանրօգուտ աշխատանքի, և նրանք իրենց գլուխները կպահեն:

Արդյունքում` դա նույնպես կխթանի ներքին սպառողական պահանջարկի բարձրացումը, էկոնոմիկան կշնչի, ինչն էլ շատ ավելի շահեկան կլինի, քան եթե մենք նմանօրինակ ապրանքները ներմուծենք:

Կա հետևյալ տեսակետը. այս կամ այն գաղափարի համար մարդիկ կարող են ոտքի չկանգնել այն դեպքում, եթե դրանց հակադիր գաղափարն ավելի համոզիչ երանգ է ունենում: Բայց քաղցած մարդը ոչ մի գաղափարի չի հետևի, եթե նա թունելի վերջում լույսը չի տեսնում: Ահա այդ վտանգը, ցավոք, ծառացած է մեր երկրում:

Վերջերս մամուլում մի վերլուծություն տպագրվեց, թե ինչքանով է աճում գործազուրկների և այն մարդկանց թիվը, որոնք դիմում են սոցիալական ապահովագրության ծառայություններին` խնդրելով, որ ստանան նպաստ, գործազուրկի կարգավիճակ: Այս իրողությունը հղի է շատուշատ ավելի մեծ վտանգներով, քան «մարտի 1»-ը: «Մարտի 1»-ը բոլորիս համար տխուր տարելից է լինելու: Սակայն, բառիս իսկական առումով, պետք է հանցագործ լինել, որ երկրում ֆինանսական, տնտեսական առկա լուրջ մարտահրավերներն իմանալով հանդերձ, դեռ խնդիր դնես սասանել Հայոց պետականությունը:

Շատ և շատ հարցեր, հատկապես տնտեսական, դրամավարկային քաղաքականությանը վերաբերող, որ վարում են այսօրվա գործադիր ու ֆինանսական իշխանությունները, սրտովս չեն, ավելին` դրանք շատ տագնապահարույց են: Բայց ստեղծված իրավիճակում երբեք ու երբեք մտքովդ անգամ չես կարող անցկացնել, որ կարելի է վարվել այնպես, ոնց որ մարդ գնա դեպի անդունդը, դու էլ գնաս թիկունքից հրես, որ վայր ընկնի: Հետո էլ չարախնդաս, որ դու դրա մասին կանխավ զգուշացրել ես:

Իմ քննադատական վերլուծությունը մի նպատակ ուներ` համ ձեռք մեկնել իշխանություններին, համ էլ պատնեշել գահավիժումը: Ասել, որ գյուտեր մի արեք, արհեստականորեն դրամի բարձր փոխարժեք մի պահեք, դուք չունեք ապահովագրության արտարժութային այն պաշարները, այսպես կոչված, դոլարային բալիշը, որ ձեզ իրավունք եք վերապահում 12 օրերի ընթացքում ավելի քան 69 մլն դոլարի չափով գումարներ վաճառել ֆինանսական բորսայում, որ կարողանաք արհեստականորեն պահել մի դոլարի դիմաց 305 դրամի փոխարժեքը: Դա կործանարար քաղաքականություն է:

Բայց ուրիշ բան, որ նրանք սեփական երգի կոկորդին կանգնել չեն կարող: Վարվող տնտեսական քաղաքականության կուրսը փոխելիս պետք է խոստովանեն, որ մինչ այս իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, ավաղ, խիստ խոցելի է դարձրել մեր էկոնոմիկան: Այս մասին դեռ 2006 թ. հոկտեմբերին ձեր խոնարհ ծառան ելույթ ունեցավ 600 հոգիանոց լսարանի առաջ, մանրակրկիտ ներկայացրեց ֆինանսներում և էկոնոմիկայում ստեղծված մտահոգիչ իրավիճակը: Ելույթս տպագրվեց թե՛ մամուլում, և թե՛ գրքում, դրան հետևեց քար լռություն: Ֆինանսական իշխանությունները բացարձակապես չարձագանքեցին:

Պետք է անցներ երկու տարուց ավելի, պետք է աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը գար Հայաստան, մամուլում հանդես գար և ասեր, որ անհեթեթ փոխարժեք է դրամ-դոլարի միջև, անհեթեթ դրամավարկային քաղաքականություն է իրականացվում: Դրանից հետո ոնց որ մի քիչ տեղից շարժվեցին:

Եվ ամենատարօրինակը, չասեմ վիրավորականը, այն է, որ մտահոգիչ այս պայմաններում դեռ հանդգնում են, չգիտես ինչու, նվաճումների մասին խոսել: Ասում են, որ մեր ֆինանսական համակարգը խաղաղ նավահանգիստ է, պաշտպանված կղզյակ է, Մալյորկա դարձրին տնաշենները:

Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ վերջին նստաշրջանին և 1643 բանաձևին, ապա, օգտվելով առիթից, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել թե՛ հայաստանյան պատվիրակության ծավալած գործունեությանը, և թե՛ Կոնգրեսի պատվիրակության գործունեությանը:

Այո, ասածս Կոնգրեսի մասով լեզվի սայթաքում չէ և մտքի շեղում էլ չէ: Որովհետև երկուստեք գործողությունները համոզեցին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին, որ, այո, Հայաստանի Հանրապետությունը արդեն ունի ժողովրդավարության այն մակարդակը և այնպիսի մակարդակ, որ առաջին հայացքից իրարամերժ, թշնամաբար տրամադրված քաղաքական երկու թևեր` մի կողմից կոալիցիան, մյուսից` Կոնգրեսը, այն աստիճանի են վարակված դրականի առումով ժողովրդավարությամբ, որ կարողանում են ամենուր ազատորեն իրենց մտքերն արտահայտել և դրա առջև ոչ մի արգելք չի դրվում:

Դուք պատկերացրեք, 6 տարի շարունակ ես մասնակցել եմ, Ազգային ժողովի պատվիրակության կազմում եղել եմ ԵԽ ԽՎ-ում, չեմ հիշում անգամ իսկ մի դեպք, երբ Ադրբեջանին վերաբերող հարցերի ամենաթեժ քննարկման ժամանակ այդ երկրից որևէ ընդդիմադիր գործիչ քիթը մտցներ Եվրախորհրդի շենք: Չի եղել այդպիսի բան: Այսինքն` սա կողմնակիորեն ապացուցում է, որ մեր երկրում, այնուամենայնիվ, ժողովրդավարություն կա:

Կոնգրեսին նաև շնորհակալություն պետք է հայտնել, որ իրենք, փաստորեն, վերակենդանացրին ադրբեջանական պատվիրակությանը: Դա նույնպես հեռահար խնդիր ունի: Այն է, երբ արդեն Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորվի, այլևս անհրաժեշտ չի լինի, որ որևէ մեկը բարեկամական կապեր, կամուրջներ ստեղծի: Իրենք` կոնգրեսականները, կարող են ստեղծել:

Եզակի դեպքի ականատեսը եղանք, երբ ադրբեջանական պատվիրակությունն արդեն իր ելույթներում մեջբերումներ է անում Կոնգրեսի լիդերից: Մասնավորապես, Գանիրա Փաշաևան կամ Գյուլթակին Գաջիևան, կամ Սամեդ Սեյիդովը մեջբերումներ են անում Լևոն Տեր-Պետրոսյանից: Դա որոշակի իմաստով գոհացնում է:

Չթաքցնեմ, ժամանակին ես էլ եմ մեջբերում արել Հեյդար Ալիևից, բայց իմ մեջբերումը ես կարդացել եմ բառացիորեն «Բակինսկի ռաբոչի» թերթից, ուր Հեյդար Ալիևն ասում էր, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար եղած ժամանակ իրենից կախված ամեն բան արել է, որ հնարավորինս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայաթափվի: Իսկ հիմա, տեսեք, մեջբերում են անում Լևոնից և այն էլ ինչ տեսակետից: Մի խոսքով, Կոնգրեսի պատվիրակները վերակենդանացրեցին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը:

Եվ որ պակաս կարևոր չէ, նույն ՀԱԿ-ի կողմնակից լրատվամիջոցները նույնպես Ստրասբուրգում էին: Այսինքն` եվրոպացիներին երկուստեք համոզեցին, որ Հայաստանում ժողովրդավարություն կա և այդ ժողովրդավարությունը, որը կա, երկուստեք ձգտում կա բարելավելու: Կնշանակի` Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը նման իրավիճակում կլիներ անհեթեթություն: Ինչը և տեղի չունեցավ:

Իսկ ինչ վերաբերում է ընդունված բանաձևի բովանդակային մասին, ապա, գիտեք, կան հարցեր, որ պետք է լուծվեն, և 1643 բանաձևը հենց այդ հարցերի վրա է հրավիրում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ուշադրությունը: Մինչդեռ այն, ինչ ասելու եմ «մարտի 1»-ի կապակցությամբ, կունենա իր քննադատները:

Ստեղծված իրավիճակում, եթե մեր առջև ընտրության է դրված Հայաստանի լինել-չլինելու, թե ժողովրդավար ձևանալու մեջ, ապա պետք է առանցքայինը լինի Հայաստանի Հանրապետության պետականության լինելիության հարցը և որդեգրվեն ժողովրդավարության այն դրսևորումները, որոնք այս ճգնաժամային պայմաններում կնպաստեն մեր պետականության անսասանությանը: Ես այսպես եմ մոտենում այդ հարցերին:

 

«Հայոց Աշխարհ», 17. III. 2009:

Последние видеоматериалы

Новые книги